Հայոց պատմություն
Հայախոս ցեղերը ապրում էին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջաններում մ.թ.ա. II հազարամյակի վերջերից:, հավանաբար Մալաթիա պատմական շրջանում: Այդ նույն ժամանակաշրջանում, մ.թ.ա. II հազարամյակի վերջում Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում ապրում էին խուռիներ, որոնք մնացել էին Միտաննի պետության անկումից հետո, խեթեր և լուվիացիներ, որոնք մնացել էին Խեթական թագավորության անկումից հետո, և ուրարտացիները, որ տեղափոխվել էին Հայկական լեռնաշխարհ Ռեվանդուզ շրջանից, այժմյան Իրանի հյուսիս-արևելքում, Ուրմիա լճի մոտակայքում: Այդ ժողովուրդները ձգտում էին պաշտպանվել հարավից ասորեստանցիների հաճախակի հարձակումներից և աստիճանաբար XIII—XII դարերում Վանա լճի շրջակայքում կազմավորվում է Նաիրի ցեղերի միություն, որի հիման վրա մ.թ.ա. IX դարում ձևավորվում է Ուրարտու պետությունը, որի գլխին կանգնած էր ուրարտախոս ընտրանին և որը ընդգրկում էր խառն ազգային կազմով մի շարք շրջաններ, որտեղ սակայն գերակշռում էին ներկայիս հայերի նախորդները: Ըստ ներկայումս ընդունված տեսակետի նախահայերը բնակվել են դեռևս Հայասա կամ Հայասա-Ազզի երկրում, որ գտնվել է Հայկական լեռնաշխարհի արևմուտքում: Իսկ ըս շատ գիտնականների, այդ թվում Նիկողայոս Ադոնցի Հայասա անունը ծագում է հայ արմատից և խեթական ասա վերջածանցից: